ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Յակոբսոնի անվան բալետի թատրոնը մարտի 3-ին ու 4-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում կներկայացնի դանիացի պարուսույց Յոհան Կոբորգի բեմադրած «Դոն Կիխոտ» ներկայացումը։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել են թատրոնի մամուլի ծառայությունից:
«Մենք առաջին անգամ ենք ելույթ ունենալու Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի բեմում, և մեզ համար դա մեծ պատիվ է ու պատասխանատվություն։ Ուստի երևանյան հանդիսատեսին ենք ներկայացնելու մեր լավագույն ներկայացումներից մեկը՝ Յոհան Կոբորգի բեմադրած «Դոն Կիխոտը»։ Բալետը լի է իսպանական արևոտ կոլորիտով. վստահ եմ, որ այն անպայման հետք կթողնի հանդիսատեսի սրտերում», - ասել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Անդրիան Ֆադեևը։
2017 թվականի դեկտեմբերին Լյոդվիգ Մինկուսի այս բալետի պրեմիերայով Ռուսաստանում ազդարարվեց Մարիուս Պետիպայի տարին և ջերմորեն ընդունվեց հանդիսատեսի կողմից: Հայտնի պարող և պարուսույց Յոհան Կոբորգը «Դոն Կիխոտը» բեմադրել է նկարիչ Ժերոմ Կապլանի հետ։