Իսրայելցի ոստիկանները պատրիարքարանի վրա հարձակումից հետո այցելել են Հայոց պատրիարքին

Հայոց պատրիարքարան են այցելել Հին քաղաքի ոստիկանության քրիստոնյաների բաժնի պատասխանատու սպաներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Իսրայելի ոստիկանության աշխատակիցները պատրիարքարանի վրա հարձակումից հետո հանդիպել են Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ: Այս մասին հայտնել է պատրիարքարանի ղեկավար Աղան Գոկչյանը:
Ավելի վաղ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանում հայտնել էին 12-րդ դարի հայկական Սուրբ Հակոբյանց եկեղեցու պղծման, պատրիարքարանի և հայ համայնքի ներկայացուցիչների վրա հարձակումների մասին:
«Հունվարի 30-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարան են այցելել Հին քաղաքի ոստիկանության քրիստոնյաների բաժնի պատասխանատու սպա Ալա Հարբն ու Շուբաշ Զաերը։ Նրանք հանդիպել են Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ», - գրել է Գոկչյանն իր ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք` հունվարի 28-ի ուշ երեկոյան հրեա 2 ծայրահեղականներ Հայոց Պատրիարքարանի փողոցով «Լացի պատ» գնալիս Հայոց Վանքի դիմաց նախ փորձել են խոչընդոտել երթևեկությունը, ապա դուրս գալով ճանապարհից՝ հարվածել են աշխատանքից տուն վերադարձող հայ երիտասարդների ավտոմեքենային՝ բղավելով. «Սա մե՛ր երկիրն է, գնացե՛ք մեր երկրից»:
Նրանցից մեկը արցունքաբեր գազ է փչել, ապա երկուսով փախուստի են դիմել։ Ոստիկանները հայտնաբերել են հրեա ծայրահեղականներին ու ձերբակալել նրանց:
Այդ դեպքից մեկ ժամ անց հրեա ծայրահեղականների մի ուրիշ խումբ փորձել է մագլցելով բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք և հանել պատրիարքարանի խաչակիր ու Հայաստանի դրոշները:
Նշենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում խորը մտահոգություն է հայտնել վերջին օրերին Երուսաղեմում տեղի ունեցող դեպքերի առթիվ։ Հայաստանի ԱԳՆ–ում վստահ են, որ տեղի ունեցած միջադեպերն ուղղված են Հայոց պատրիարքարանի և Հին քաղաքի հայ բնակիչների դեմ։
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը շտապ գրություններ է ուղարկել Իսրայելի գործընկերներին՝ նշելով, որ Իսրայելի ղեկավարությունը հետևողական պետք է լինի մեղավորներին խստագույնս պատժելու և հետագայում հայերի նկատմամբ էթնիկ հողի վրա հանցավոր գործողությունները բացառելու կապակցությամբ: