ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ձերբակալել է հակապետական խմբավորման անդամների, որոնք երկրում դիվերսիաներ էին նախապատրաստում, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ իրանական Tasnim գործակալությանը հղումով։
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումը կոչ է արել Իրանի Կենտրոնական նահանգի գլխավոր հետախուզական վարչությանը կալանավորել հակահեղափոխական խմբի անդամներին, որոնք օտարերկրյա գործակալների ուղղորդմամբ փորձել են զենք ձեռք բերել ահաբեկչություններ իրականացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այս խմբավորման անդամները Իրանում իրավիճակն ապակայունացնելու համար ծրագրել էին մի շարք գործողություններ իրականացնել, նրանց առաջ խնդիր էր դրված անջատել ինտերնետ կապը և էլեկտրոնային հսկողության սարքերը։
Գործակալությունից հայտնել են, որ հինգ հիմնական անդամները կալանավորվել են և հանձնվել դատական համակարգին։ Խմբի ևս երկու գործակալ փախուստի են դիմել, այժմ նրանք հետախուզման մեջ են։