ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Հունգարիան կողմ է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրվի Ուկրաինայի հարցով բանակցություններում միջնորդի դերի կատարելու համար։
Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ կայացած մամուլի ասուլիսում։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Բանակցություններում Թուրքիայի միջնորդության փորձը մինչ օրս միակ հաջողվածն է... Նախագահ Էրդողանի և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ջանքերի շնորհիվ կայացավ հացահատիկի գործարքը: Մենք խնդրում ենք Թուրքիային շարունակել միջնորդության փորձը: Այսօր մի նախաձեռնություն է ի հայտ եկել, որի էությունն այն է, որ նախագահ Էրդողանը արժանանա խաղաղության Նոբելյան մրցանակի, քանի որ Ուկրաինայի խնդրով միջնորդության միակ հաջող փորձը կապված է նրա անվան հետ»,- ասել է Սիյարտոն։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 28-ին, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի) նախագահ Մուստաֆա Սենթոփը հայտարարել էր, որ նախագահ Էրդողանին առաջադրել է Նոբելյան մրցանակի թեկնածու։
Խաղաղության Նոբելյան մրցանակը ( շվեդ.՝ Nobels fredspris ) հեղինակավոր մրցանակ է, որն ամեն տարի Նոբելյան հիմնադրամի կողմից տրվում է խաղաղության ոլորտում ձեռքբերումների համար։