ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. «Եվրատեսիլ» երգի մրցույթն այս տարի կանցնի «Միավորված երաժշտությամբ» կարգախոսով։
Մրցույթի ինստագրամյան էջում հրապարակված կարգախոսն արտահայտում է նախորդ տարվա հաղթող երկրի՝ Ուկրաինայի և մրցույթը հյուրընկալող կողմի՝ Միացյալ Թագավորության գործակցությունը: Երանգները ևս արտացոլում են երկու երկրների դրոշների գույները:
Տարբերանշանը գունավոր էլեկտրասրտագրության տեսքով է (ECG), որն արտացոլում է մրցույթի մասնակիցների և միլիոնավոր երկրպագուների սրտի բաբախյունը:
Հիշեցնենք՝ Թուրինում անցկացված «Եվրատեսիլ-2022» միջազգային մրցույթում առաջին տեղը գրավել էր Ուկրաինան (Kalush Orchestra խումբը), որը ստացել է 631 միավոր, երկրորդը` Միացյալ Թագավորությունը (466 միավոր), երրորդը՝ Իսպանիան (459 միավոր)։
Մրցույթն այս տարի կանցկացվի Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: