ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կրկին հեռախոսազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ և ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված ներկայիս իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Ակնկալելով ԱՀԿ աջակցությունը քննարկվել են հետևյալ կետերը` առաքելության ներդրում, անհրաժեշտ բժշկական պարագաներ և դեղորայք հասցնելու հնարավորություն»,– ասված է հաղորդագրությունում։
Նախարարը նշել է, որ 51-րդ օրն է, ինչ Արցախ տանող միակ ճանապարհը փակ է, շարունակում են գազի, էլեկտրաէներգիայի, համացանցի անջատումները, ինչի պատճառով պլանային վիրահատությունները դադարեցված են և հետաձգվում են: Մինչ օրս ծայրահեղ ծանր վիճակում 59 պացիենտ Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել է Հայաստան` կենսական բուժօգնություն ստանալու: Շրջափակման և ժամանակին բուժօգնություն չստանալու հետևանքով մեկ պացիենտ մահացել է
Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեին գործադիր խորհրդի նիստի ճեպազրույցի ժամանակ հարցին անդրադառնալու համար:
Իրավիճակի առնչությամբ ԱՀԿ գլխավոր տնօրենն իր մտահոգությունն է հայտնել և խոստացել համատեղ աշխատանքի միջոցով գտնել լուծումներ:
Հիշեցնենք` Ավանեսյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ կապի մեջ է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ և պարբերաբար թարմ տեղեկություններ է փոխանցում Արցախում ստեղծված իրավիճակի մասին։