Այգիներ հիմնելու պատրվակով կեղծ փաստաթղթեր են ներկայացրել. հափշտակվել է 130 միլիոն դրամ

4 անձ էկոնոմիկայի նախարարություն կեղծ փաստաթղթեր են ներկայացրել և խոշոր գումարներ հափշտակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Ինտենսիվ այգիներ հիմնելու պատրվակով պետական աջակցության ծրագրի շահառուներն էկոնոմիկայի նախարարություն կեղծ փաստաթղթեր են ներկայացրել։ Դատախազությունը հայտնում է, որ այդ փաստով նախաձեռնվել են քրեական վարույթներ։
Մասնավորապես, 3 տարբեր գործերի ուսումնասիրությամբ ի հայտ են եկել Վ.Գ.-ի, Ա.Հ.-ի, Ս.Ղ.-ի և Գ.Զ.-ի կողմից փաստաթղթեր կեղծելու, իրականությանը չհամապատասխանող տվյալներով պայմանագիր, հանձնման-ընդունման ակտ կազմելու, էկոնոմիկայի նախարարություն կեղծ փաստաթղթեր ներկայացնելու տվյալներ:
Արդյունքում Վ.Գ.-ն հափշտակել է 57 մլն 780 հազար դրամ, Ա.Հ.-ն՝ 16 մլն 192 հազար 940 դրամ, իսկ Ս.Ղ.-ն և Գ.Զ.-ն` 58 մլն 500 հազար դրամ:
Գլխավոր դատախազությունը հանցանքի մասին հաղորդումներ է ներկայացրել քննչական կոմիտե: Նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ նախկին քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի,իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքովանզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնել), 325-րդ հոդվածի 1-ին մասով` (իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը) և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խաբեության եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն):
Իջևանի նախկին քաղաքապետը չարաշահումներ է արել` վնաս պատճառելով ՊՆ–ին. ՔԿ