ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Հայաստանի երկու ներկայացուցիչ ընդգրկվել է շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) վարկանիշային թարմացված ցանկի թոփ 100–յակում։ Տեղեկությունը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում։
Գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը (2699) և Հայկ Մարտիրոսյանը (2686) համապատասխանաբար զբաղեցնում են 41-րդ և 51-րդ տեղերը։ 2021 թվականի դեկտեմբերի 1-ից սկսած ԱՄՆ–ն ներկայացնող Լևոն Արոնյանն էլ զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը։ 50-րդ տեղում է ԱՄՆ–ն ներկայացնող մեկ այլ հայազգի շախմատիստ` Սամվել Սևյանը։
ՖԻԴԵ–ի վարկանիշային թարմացված ցուցակում առաջին տեղը զբաղեցնում է նորվեգացի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը։
Շախմատի կանանց ցուցակի թոփ100-յակում ներառված է Հայաստանի 3 ներկայացուցիչ։ Էլինա Դանիելյանը 35-րդ հորիզոնականում է, Լիլիթ Մկրտչյանը` 68-րդ, իսկ Աննա Սարգսյանը` 73-րդ։
Լավագույն կին շախմատիստների վարկանիշային ցուցակը գլխավորում է Հոու Իֆանը (Չինաստան)։