Որ ՀՀ-ն ունենա բարձրորակ մասնագետներ. կառավարությունը կտրամադրի աշխատավարձի մինչև 70%-ը

Հայկ Մարգարյանը Sputnik Արմենիայում
Ինչպե՞ս Հայաստանի աշխատաշուկան ավելի գրավիչ դարձնել բարձր որակավորում ունեցող մասնագետների համար, որպեսզի նրանք իրենց գիտելիքները գործածեն ի օգուտ ՀՀ-ի։ Այս թեմայով Sputnik Արմենիան զրուցել է Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Հայկ Մարգարյանի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik, Մարիաննա Գալստյան. «Բարձր որակավորում ունեցող մասնագետների աշխատավարձի փոխհատուցման» ծրագրի մեկնարկից 6 ամիս անց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն արդեն դիմել են 10-ից ավելի ընկերությունից` 500-ից ավել մասնագետի հայտով։
Ծրագրով նախատեսված է ներգրավել նվազագույնը 230 բարձր որակավորում ստացած մասնագետ։ Կենտրոնի տնօրենը վստահ է` դեռ բազմաթիվ հայտեր են ստանալու։
Ծրագիրն իրականացնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը, այն միտված է արտերկրի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորած մասնագետներին Հայաստանի աշխատաշուկան գրավիչ դարձնելուն։ «Այս ծրագրի շնորհիվ ընկերությունները կունենան միջազգային որակավորում ստացած մասնագետներ ու ավելի մրցունակ կդառնան, իսկ երկիրը կստանա ավելի մեծ շահույթ, քանի որ ընկերություններն ավելի շատ հարկեր կմուծեն։ Բացի այդ, իրենց ստացած բարձր աշխատավարձերը նրանք կծախսեն Հայաստանում», –ասում է Հայկ Մարգարյանը։
Նշում է, որ ամենամեծ հետաքրքրությունը տեղական IT ոլորտից է գալիս, հետո գիտատեխնիկական լաբորատորիաներից, նաև բարձրագույն ուսումնական հաստատություններն են շահագրգռված։ Սա առաջին այսպիսի ծրագիրն է, որ ներգրավում է ոչ միայն պետական սեկտորին, այլ նաև մասնավոր ընկերություններին։
Բարձր որակավորում ստացած մասնագետներին Հայաստան բերելու ծրագրեր ՀՀ կառավարությունը վաղուց է անում։ Դրանցից մեկն էլ «իԳործ» ծրագիրն էր, որը իրականացնում էր ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ 3 տարվա ընթացքում մոտ 200 մասնագետ է այդ ծրագրի միջոցով եկել Հայաստան։ Հայկ Մարգարյանը նրանցից մեկն է։ Քանի որ այդ ծրագիրն արդեն ավարտվել է, կարծում է, որ «Բարձր որակավորում ունեցող մասնագետներին աշխատավարձի փոխհատուցման» նախագիծը կարող է «իԳործ»–ի շարունակությունը դառնալ։
«Մարդիկ կան եկել են Հայաստան այդ ծրագրով, մի քանի տարի աշխատել են, և ծրագիրը ավարտվել է։ Հիմա նրանք կարող են օգտվել այս ծրագրից ու շարունակեն աշխատել այստեղ։ Ավելին` հիմա կարող են աշխատել ոչ միայն կառավարությունում, այլ նաև մասնավոր սեկտորում»,– ասում է Հայկ Մարգարյանը։
Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրենը ,անդրադառնալով ծրագրի մանրամասներին ու մասնակիցներին ընտրելու չափորոշիչներին, նշեց, որ կազմակերպություններն իրենք պետք է գտնեն մասնագետներին ու դիմեն ծրագրին մասնակցելու համար։
Ընտրված դիմորդը պետք է լինի աշխարհի լավագույն 400 համալսարաններից մեկի շրջանավարտ, ունենա ցանկացած համալսարանի գիտական աստիճան ու ամենաքիչը 10 տարվա աշխատանքային ստաժ։
«Բացի այդ հայտատուն պետք է վերջին 30 ամիսներից նվազագույնը 12 ամիսն արտերկրում բնակված և հայտատու ընկերությունում առնվազը 2 ամիս պայմանագրով աշխատած բարձրակարգ մասնագետ լինի»,– նշեց նա։
Թե որքան մասնագետ կներգրավվի արդյունքում, պարզ չէ։ Մասնակիցների սահմանափակում Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը չունի, ասում են` որքան շատ այնքան լավ։
Հայտատուները կարող են ծրագրին դիմել մինչև 2025 թ.–ը ու դրանից հետո ևս 3 տարի կարող են ստանալ աշխատավարձի փոխհատուցում։