Տիկին Բաղդասարյանն առանց աշխատանքի չի մնա. Գնել Սանոսյանը ներկայացրեց Շիրակի նոր մարզպետին

2018-ից հետո իշխող կուսակցության կողմից մարզպետների ամենաշատ փոփոխություն իրականացվել է Շիրակի մարզում՝ 5 մարզպետ՝ 5 տարում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի - Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Շիրակի մարզպետարանում ներկայացրեց Շիրակի նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյանին:
Մինչ մարզպետին ներկայացնելը նախարարը շնորհակալություն հայտնեց Նազելի Բաղդասարյանին ՝ արդյունավետ աշխատանքի համար: «Շատ արագ մարզային խնդիրներին տիրապետեց՝ շատ արագ էլ լուծումներ տվեց, կամ էլ լուծումը նախաձեռնեց»-շնորհակալություն հայտնելով ու նոր աշխատանքում հաջողություն մաղթելով։
Գնել Սանոսյանը ներկայացրեց Շիրակի նոր մարզպետին
Իսկ թե ինչ պաշտոնի ու աշխատանքի է գնում արդեն նախկին մարզպետը՝ Գնել Սանոսյանը լրագրողներին հայտնեց. «Տիկին Բաղդասարյանն առանց աշխատանք չի մնա, որոշակի քննարկումներ կան, բայց իմ տիրույթը չէ, որ ես մեկնաբանություն տամ»։
Ինչ վերաբերում է նոր մարզպետին, նշվեց, որ տարբեր ոլորտներում է աշխատել, սակայն ամենակարևորն ու օգտակարն այն է, որ երկար ժամանակ աշխատել է նաև մարզպետարանում:
2018-ից հետո իշխող կուսակցության կողմից մարզպետների ամենաշատ փոփոխություն իրականացվել է Շիրակի մարզում՝ 5 մարզպետ՝ 5 տարում։ Սա Գնել Սանոսյանը բնական պրոցես է համարում: «Դե Շիրակի մարզը պետք է ռեկորդակիր լինի: Դա ընդամենը հանգամանքների բերումով է այդպես՝ այլ բացատրություն չկա »,-հավելեց նախարարը:
Հայտնի է` ով կփոխարինի հրաժարականի դիմում ներկայացրած Շիրակի մարզպետին
Այն, որ մարզում առաջիկայում բարդ գործընթացներ է լինելու՝ մարզպետարանի կառուցվածքային փոփոխություններ, գերիների խնդիր, ընտրություններ Անի համայնքում, հաստատեց նաև Մուշեղ Մուրադյանը:
«Վստահ լինելով իմ գիտելիքների ու հմտությունների վրա՝ ստանձնել եմ մարզպետի պաշտոնը և վստահեցնում եմ, որ մարզի յուրաքանչյուր հոգս ու խնդիր իմն է դառնալու և համատեղ ջանքերով, կառավարության հետ, սեղմ ժամկետներում լուծելու ենք»,-նշեց Մուշեղ Մուրադյանը:
Գնել Սանոսյանը ներկայացրեց Շիրակի նոր մարզպետին
Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե Մուշեղ Մուրադյանը «Արփի լիճ» ազգային պարկը ղեկավարելու ընթացքում հողատարածքներ է սեփականաշնորհել, նա հայտարարեց. ««Արփի լիճ» ՊՈԱԿ-ը ոչ առևտրային կազմակերպություն է, այնտեղ հող ձեռք բերել հասկացություն չկա, բացի այդ, հիմա ռեգիստրն այնքան հասանելի է, որ ցանկացած մարդ ցանկացած պահի կարող է հարցում անել»,-նշեց նորանշանակ մարզպետը հավելելով, որ դեռ չի հայտարարագրել իր ունեցվածքը, բայց ունի սեփական տուն ու հորից մնացած ֆերմաններ՝ Ամասիայի տարածաշրջանում: