ՌԴ–ն պատրաստվում է ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների նոր փուլին

Դեռ դեկտեմբերին Մոսկվան և Վաշինգտոնը բանակցել էին դեսպանատների աշխատանքի կարգավորման թեմայով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Ռուսաստանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ նոր խորհրդակցություններին։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: Դիվանագետը նշել է, որ Մոսկվան դրանց անցկացումն օգտակար է համարում դիրքորոշումները հստակեցնելու համար։ Բանակցությունների կոնկրետ ժամկետը դեռ հայտնի չէ։
Դեսպանությունների աշխատանքի կարգավորման ու երկկողմ հարաբերություններում ցավոտ կետերի վերացման շուրջ խորհրդակցությունների նախորդ փուլը տեղի էր ունեցել անցյալ տարվա վերջին: Մեկնաբանելով դրանց արդյունքները՝ Ռյաբկովը նշել է, որ ՌԴ-ի ու ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունների թվաքանակի հարցը չի քննարկվել։ Նա կարծում է, որ այդ առումով իրավիճակը բավական խճճված է և նախապատմություն ունի, ուստի սկզբունքորեն կարևոր է այդ սյուժեների շուրջ երկխոսությունը, և Մոսկվան կշարունակի այն:
Ռյաբկովն ավելացրել է, որ կուտակված խնդիրների կույտն ինչ-որ կերպ մեռյալ կետից շարժելու համար շփման կետեր գտնելու այլ միջոց չի երևում։

«Այժմ զբաղվում ենք հերթական հանդիպման նախապատրաստական աշխատանքով։ Հուսով ենք, որ փոքր քայլերի մարտավարությունը թույլ կտա արդյունքում փոխադարձ ընդունելի հանգուցալուծումների հասնել երկկողմ օրակարգի առավել կարևոր հարցերի շուրջ», - ընդգծել է փոխարտգործնախարարը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և ԱՄՆ–ի պրոֆիլային դեպարտամենտների տնօրենների մակարդակով հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 9-ին Ստամբուլում։