ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի - Sputnik. Ռուս զինվորականները հատուկ գործողության ընթացքում ավելի քան 20 հազար փաստաթուղթ և նյութ են ստացել Ուկրաինայում ԱՄՆ ռազմակենսաբանական ծրագրի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովը։
Կիրիլովն ընդգծել է, որ վերոհիշյալ նյութերը հաստատում են Պենտագոնի նպատակաուղղվածությունը կենսաբանական զենքի բաղադրիչների ստեղծման և Ուկրաինայի, ինչպես նաև ՌԴ սահմանների պարագծով այլ պետությունների բնակչության վրա դրանց փորձարկման ուղղությամբ։
Նրա խոսքով՝ ռուս զինվորականները նաև նոր տեղեկություններ են ստացել Ուկրաինայում ԱՄՆ ռազմակենսաբանական նախագծերի առանցքային դերակատարների մասին, որոնք մինչ օրս ստվերում են եղել։
Գեներալը նշել է, որ Ուկրաինայում ամերիկյան ռազմակենսաբանական գործունեության նախկինում անհայտ առանցքային մասնակիցների թվում է Labyrinth Global Health-ի գործադիր տնօրեն Քարեն Սեյլորսը։ 2016 թվականից սկսած նա աշխատել է Ուկրաինայում` որպես UP-10 նախագծի առաջատար խորհրդատու։ Նախագիծն ուսումնասիրում էր խոզերի աֆրիկյան ժանտախտի տարածման ուղիները:
Ցուցակում է նաև Թենեսիի պետական համալսարանի աշխատակից, «տանտեր-պաթոգեն» համակարգերի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Քոլին Ջոնսոնը: Նա վերահսկում էր UP-8 նախագիծը Ուկրաինայում Կոնգո-ղրիմյան տենդի և հանտավիրուսների արեալների հետազոտման համար, ինչպես նաև ղեկավարում էր ուկրաինացի զինծառայողներից կենսաբանական նմուշառման գործընթացը։
Կիրիլովը հիշեցրել է, որ ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ արդեն ներկայացրել էր ռազմակենսաբանական ծրագրերի մասնակիցների անունները։ Նրանց թվում էին ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ, ամերիկյան ռազմական գերատեսչության և Պենտագոնի կապալառու կազմակերպությունների աշխատակիցներ։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ն ավելի քան 200 մլն դոլար է ծախսել Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների աշխատանքի վրա, որոնք մասնակցել են ամերիկյան ռազմակենսաբանական ծրագրին և գործ են ունեցել, մասնավորապես, ժանտախտի և սիբիրախտի հարուցիչների հետ: Ուկրաինայի տարածքում ձևավորվել է ավելի քան 30 կենսաբանական լաբորատորիաների ցանց, որոնք աշխատում էին Պենտագոնի շահերից ելնելով։ ԱՄՆ-ի ռազմակենսաբանական ծրագիրը շարունակելու համար ամեն ինչ արդեն դուրս է բերվել Ուկրաինայից ռուսական հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո։