Քաղցկեղ ու հիշողության կորուստ. երշիկի վտանգավոր ներկանյութը կարգելվի

Էկոնոմիկայի նախարարությունը հանդես է եկել իրավական առաջարկով, որով նախատեսվում է ՀՀ–ում արգելել երշիկեղենի արտադրության մեջ լայնորեն կիրառվող E128 սննդային հավելումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Կառավարությունը մտադիր է արգելել Հայաստանում արտադրվող ու ներկրվող ապրանքներում E128 սննդային հավելման կիրառումը։
Իրավակարգավորման հեղինակը Էկոնոմիկայի նախարարությունն է։
Անթույլատրելի է. Իրանից ներկրվող արդյունաբերական աղը վաճառվում է կերակրի աղի փոխարեն
Իրավական ակտերի հրապարակման էլեկտրոնային հարթակում հրապարակված նախագծի հիմնավորման մեջ մասնավորապես ասված է. «Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում կարգելվի E128 սննդային հավելման ներմուծումը, օգտագործումը և կարգելվի այդ հավելումը պարունակող ապրանքների վաճառքը, քանի որ այն վտանգավոր է մարդու առողջությանը՝ քաղցկեղածին է, ազդում է նյարդային համակարգի վրա՝ առաջացնում է շարժողականության, հիշողության խանգարումներ, ընդհանուր թուլություն»։
Վտանգավոր այս հավելումը կարմիր ներկանյութ է, հանդիպում է նաև «կարմիր 2G» անունով։
Ներկանյութի վտանգավոր հետևանքները բացահայտվել են դեռ տարիներ առաջ` Սննդամթերքի ստանդարտների եվրոպական գործակալության (EFSA) կատարած ուսումնասիրությունների արդյունքում։ Դրանից հետո` 2007թ–ին եվրոպական հանձնաժողովն արգելեց E128–ի օգտագործումը սննդի մեջ։ Նույն թվականին այն արգելվեց նաև ՌԴ–ում։
Իսկ Հայաստանում Е128-ը դեռ շարունակում է անարգել ներկրվել ու կիրառվել սննդի, մասնավորապես` մսամթերքի արտադրության մեջ։
Կարմիր ներկանյութը հիմնականում կիրառում են երշիկներին ու նրբերշիկներին ապրանքային տեսք հաղորդելու, վառ կարմիր ներկելու համար` առանց մտահոգվելու դրա հետևանքների մասին։
ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով կառավարության նախաձեռնությունը, համոզմունք հայտնեց, որ մեր երկրում այդ հավելման` տարիներ շարունակ կիրառելու հետևանքների ու ռիսկի մասին որևէ լուրջ հետազոտություն մինչ օրս չի արվել, և վերոհիշյալ հավելումն արգելելու առաջարկն էլ հիմնված է բացառապես եվրոպական հետազոտությունների արդյունքների վրա։
«Մեզ մոտ թեև օրենքով պարտադիր է, որ պետք է բոլոր ռիսկերի գնահատումները գիտական մարմիններն իրականացնեն, բայց մենք օրենքի խախտում ունենք, և կառավարության կողմից մինչ օրս նշանակված չէ այն լիազոր մարմինը, որը պետքէ կատարի ռիսկերի գնահատումը։ Եվ եթե դուք փորձեք ճշտել, թե ինչ ռիսկեր կան կապված հանրային առողջության հետ, ձեզ միանշանակ կպատասխանեն, որ այդ հարցով չեն զբաղվել»,– ասաց Պիպոյանը։
Նրա խոսքով` Հայաստանում սննդային հավելումների մոնիթորինգ ընդհանրապես չի իրականացվում։ Սննդային հավելումների համատարած կիրառմանն էլ ՀՀ կառավարությունը «մատների արանքով» է նայում` անկախ դրանց վտանգավորության աստիճանից։
Ավելին` Դավիթ Պիպոյանը համոզված է, որ Е128-ն արգելող որոշման ընդունումից հետո էլ ոչ մի մոնիթորինգ չի արվելու, ուստի դժվարանում է հավատալ, որ սննդամթերք արտադրողներն իսկապես հրաժարվելու են դրա կիրառությունից։ Հատկապես, որ հնարավոր արգելքի մասին լսելուց հետո մինչև որոշման ընդունումն ու ուժի մեջ մտնելը բավական ժամանակ ունեն ապագայի համար մեծ խմբաքանակ ներկրելու կամ հայաստանյան շուկայից ձեռք բերելու։
Երևանում գործող սուպերմարկետներից մեկում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել
Նշենք, որ հրապարակված որոշման նախագիծը հանրային քննարկման է դրվել մինչև փետրվարի 14-ը։ Դրանից հետո այն կմտնի կառավարության նիստի օրակարգ։ Իսկ իրավական ուժ կստանա ընդունվելուց 10 օր անց, այսինքն` ամենաշուտը մինչև փետրվարի վերջ։
Թե արգելման ենթակա սննդային հավելումն այսօր ինչ սննդատեսակների մեջ է կիրառվում ու որ ընկերություններն են օգտագործում այն իրենց արտադրության մեջ, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում մեզ չասացին։
Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան հայտնեց, որ, չարգելված հավելումնրի մասով տեսչական մարմինը ստուգումներ չի իրականացնում։
Կառավարության կողմից արգելքի ընդունվելու դեպքում միայն իրենք կսկսեն հետևել, որ Е128 պարունակող սննդամթերք չներկրվի ու տեղական արտադրության մեջ չօգտագործվի։
«Մենք հետազոտություն անող մարմին չենք, մենք վերահսկող մարմին ենք։ Եթե բաղադրության մեջ տվյալ հավելումը նախատեսված է, և հավաստագրման մարմինները տվել են հավաստագրման սերտիֆիկատ այդ ապրանքի համար, որ տվյալ E հավելումը պետք է դրանում լինի, ապա մենք նայում ենք, որ այն լինի։ Իսկ եթե չպիտի լինի, նայում ենք, որ չլինի։ Իսկ հետազոտելը, թե այն քանի կազմակերպություն ու ինչ արտադրության մեջ է կիրառում, մեր խնդիրը չէ»,– ասաց Հարությունյանը։
Այսօր Հայաստանում արգելված Е հավելումներն ընդամենը 7-ն են։ Դրանցից 2-ը նույնպես կարմիրի տարբեր երանգների քաղցկեղածին ներկանյութեր են, 3-ը` պահածոյացնող նյութեր` բենզոնատներ և ֆորմալդեհիդ, 2-ը` ալյուրի և հացի որակի բարելավիչներ` կալցիումի բրոմատներ են։ Այս ցանկը հաստատվել է դեռևս 2007թ–ին ու դրանից հետո չի փոխվել։ E128-ի արգելքը կարող է դառնալ 16 տարվա մեջ կատարված առաջին լրացումը։
Արգելված հավլումների ցանկից բացի Հայաստանի կառավարությունը 2011թ–ին հաստատել է նաև ՀՀ–ում թույլատրելի սննդային հավելումների ցանկը։ Դրանում E հավելումների թիվը 327 է։ Նույն որոշմամբ կառավարությունը սահմանել է նաև դրանց մակնշման, պահման տեխնիկական կանոնները։