Պետք է խստագույնս պատժել. Թագուհի Թովմասյանը շտապ գրություններ է ուղարկել Իսրայել

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում վստահ են, որ տեղի ունեցած միջադեպերն ուղղված են Հայոց պատրիարքարանի և Հին քաղաքի հայ բնակիչների դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը շտապ գրություններ է ուղարկել Իսրայելի գործընկերներին` Երուսաղեմում հայ երիտասարդներին ծեծի ենթարկելու փաստով։ Տեղեկությունը պատգամավորը հայտնում է «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում։
Նա տեղեկացնում է, որ որպես Իսրայել-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ` գրություններ է հղել Իսրայելի օմբուդսմանին, Իսրայելի խորհրդարանի (Քնեսեթ) հանրային անվտանգության հանձնաժողովի ղեկավարին։
«Խիստ դատապարտելի է Իսրայելում հրեա ծայրահեղականների անօրինական ու լկտի պահվածքը Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի և հայերի նկատմամբ: Իսրայելի ղեկավարությունը հետևողական պետք է լինի մեղավորներին խստագույնս պատժելու և հետագայում հայերի նկատմամբ էթնիկ հողի վրա հանցավոր գործողությունները բացառելու կապակցությամբ»,– գրել է Թովմասյանը։
Հիշեցնենք` հունվարի 28-ի ուշ երեկոյան հրեա 2 ծայրահեղականներ Հայոց Պատրիարքարանի փողոցով «Լացի պատ» գնալիս Հայոց Վանքի դիմաց նախ փորձել են խոչընդոտել երթևեկությունը, ապա դուրս գալով ճանապարհից՝ հարվածել են աշխատանքից տուն վերադարձող հայ երիտասարդների ավտոմեքենային՝ բղավելով. «Սա մե՛ր երկիրն է, գնացե՛ք մեր երկրից»:
Նրանցից մեկը արցունքաբեր գազ է փչել, ապա երկուսով փախուստի են դիմել։ Ոստիկանները հայտնաբերել են հրեա ծայրահեղականներին ու ձերբակալել նրանց:
Այդ դեպքից մեկ ժամ անց հրեա ծայրահեղականների մի ուրիշ խումբ փորձել է մագլցելով բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք և հանել պատրիարքարանի խաչակիր ու Հայաստանի դրոշները:
Նշենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում խորը մտահոգություն է հայտնել վերջին օրերին Երուսաղեմում տեղի ունեցող դեպքերի առթիվ։ Հայաստանի ԱԳՆ–ում վստահ են, որ տեղի ունեցած միջադեպերն ուղղված են Հայոց պատրիարքարանի և Հին քաղաքի հայ բնակիչների դեմ։