ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Պակիստանի Հայբեր Պահտունհվա նահանգում այսօր մեկնարկել են «Աթաթուրք 2023» թուրք-պակիստանյան համատեղ զորավարժությունները: Տեղեկությունը հայտնում է Anadolu գործակալությունը։
Նշվում է, որ զորավարժությունները կշարունակվեն երկու շաբաթ։ Դրանց նպատակն ահաբեկչության դեմ պայքարի համար համատեղ քայլերի մշակումն է։
Թուրքիայում և Պակիստանում համատեղ զորավարժություններն անցկացվում են 1998 թվականից՝ երկու երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ։ Թուրքիայում անցկացվող զորավարժությունները կոչվում են «Ջիննահ», իսկ Պակիստանում՝ «Աթաթուրք»։