ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նախորդ տարվա ընթացքում ռազմարդյունաբերության ոլորտում կատարված աշխատանքներին։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Փաշինյանին ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի` 2022 թվականի գործունեության հաշվետվությունը:
«Վարչապետին զեկուցվել են կոմիտեի իրականացրած աշխատանքները, մասնավորապես` ռազմարդյունաբերական համալիրի կարողությունների զարգացման, տեղական ձեռնարկությունների հետ համագործակցության, ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսներում հայկական ընկերությունների ներգրավման և այլ ուղղություններով»,– նշված է հաղորդագրության մեջ:
Վարչապետը շեշտել է ոլորտի՝ ռազմավարական նշանակություն ունենալու փաստը։ Նա ընդգծել է կոմիտեի արդյունավետ գործունեության կարևորությունը ռազմարդյունաբերական կարողությունների, սպառազինության և տեխնիկայի արտադրության շարունակական զարգացման ու առկա ներուժի ընդլայնման գործում:
Քննարկմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը և պաշտոնատար այլ անձինք: