ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չունի պետության ղեկավարի որակավորում։ Այս հայտարարությունն արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Իրականում այն մարդը, որը ղեկավարում է Ֆրանսիան, չունի այդ պետության ղեկավար լինելու որակավորում։ Տեսեք` նրանք այժմ շահագործում են աֆրիկյան երկրները: Մալին գտնվում է Ֆրանսիայի հետ լիակատար խզման վիճակում։ Բուրկինա Ֆասոն ժամկետ է տվել` մեկ ամսից մենք չենք ուզում այստեղ ֆրանսիացի զինվոր տեսնել»։ Եվ ես ենթադրում եմ, որ Տոգոն նույնը կանի: Եվ Ֆրանսիան արագ կորցնում է իր հեղինակությունը Աֆրիկայում», - Էրդողանի խոսքը մեջբերում է «Star» թերթը։
Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Մակրոնն ազնիվ չէ։
«Ես անկեղծ եմ ասում։ Այն ամենը, ինչի մասին հիմա խոսում ենք, կհասնի այնտեղ։ Բայց նա ազնիվ չէ, իսկ մենք ուզում ենք, որ միջազգային քաղաքականությունը կառուցվի ազնվության վրա։ Որտեղ չկա ազնվություն, չկա վստահություն: Իհարկե, աշխարհում կան շատ նման առաջնորդներ։ Ցավոք, նրանք Թուրքիային անտեսում են Միջերկրական ծովում Հունաստանի հետ հարաբերություններում եւ նրա հետ տարբեր հարաբերությունների մեջ են մտնում։ Ես տարբեր արտահայտություններ եմ ասել նրան, որոնք չեմ բարձրաձայնի»,– հայտարարել է Էրդողանը։
Նա վստահեցրել է, որ Մակրոնն այս պահին կորցրել է հեղինակությունը խորհրդարանում, իսկ Ֆրանսիան կորցնում է հեղինակությունը միջազգային հանրության շրջանում։