ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի հարցն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Նիդեռլանդների վարչապետի արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով խորհրդական Ջոֆրի ֆան Լեուվենի հետ: Տեղեկությունը հայտնում է Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում։
Նշվում է, որ զրուցակիցները Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում երկուստեք ընդգծել են միջազգային հանրության գործուն քայլերի կարևորությունը:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել այսօր` հունվարի 30-ին, կողմերն անդրադարձել են նաև հայ-նիդեռլանդական հարաբերությունների երկկողմ օրակարգին:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։