Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցել է Իրանի նախագահին և ժողովրդին

Երկրաշարժ Իրանում (28 հունվարի, 2023 թ.)
Ամենայն հայոց կաթողիկոսը առողջություն է մաղթել Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից տուժած վիրավորներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիին՝ Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի լրատվական բաժնից։
«Խոր ցավով տեղեկացանք Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի մասին, որի հետևանքով կան ավերվածություններ, մարդկային զոհեր և վիրավորներ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր ցավակցությունն ու աղոթական զորակցությունն ենք բերում Ձեզ, Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը և Իրանի համայն ժողովրդին», – նշել է Վեհափառ Հայրապետն իր ցավակցագրում:
Կաթողիկոսը առողջություն է մաղթել երկրաշարժից տուժած վիրավորներին:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Իրանի Խոյ քաղաքից 34 կմ հարավ–արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ: Երկրաշարժի հետևանքով մահացել է 3 մարդ, տուժել է ավելի քան 800-ը։
Երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում ու Երևան քաղաքում։
Նշենք, որ հունվարի 29-ին նույնպես երկրաշարժ է գրանցվել, այս անգամ Իրանի Խոյ քաղաքից 22 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 5.0 մագնիտուդով։