Փաստ է, որ Իրանում ռմբակոծություն իրականացնելիս հակառակորդ երկրները օգտվել են Ադրբեջանի դեսպանատան հարձակումից և երկրաշարժից հետո երկրի ներսում առաջացած խառնաշփոթ իրավիճակից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով Սպահանի պաշտպանական համալիրի ուղղությամբ ԱԹՍ–ներով հարձակումը` ասաց իրանագետ Գարիկ Միսակյանը։
Ավելի վաղ IRNA գործակալությունը հայտնել էր, որ Իրանի Սպահան քաղաքում զինամթերքի պահեստը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման: Աղբյուրին հղում անելով՝ Al-Arabiya հեռուստաալիքը հայտարարել էր, որ անօդաչուների գրոհին մասնակցել է ԱՄՆ ավիացիան։
Միսակյանն ընդգծում է, որ Իրանի հակառակորդ երկիր Իսրայելը ԶԼՄ–ների մակարդակով արդեն իսկ հաստատել է, որ հարձակման հետևում իրենք են կանգնած։
«Նախկինում ևս, երբ Իսրայելը հարձակումներ էր իրականացրել, չէր էլ թաքցրել, այսինքն` Իրան–Իսրայել 40–ամյա հակամարտության շրջանակներում դա տեղավորվում է»,–ասաց իրանագետը։
Նրա խոսքով` Իրանում լուրջ քննարկումներ են, թե որ երկրների օգնությամբ է Իսրայելն իրականացրել հարձակումները, քանի որ նման փոքր դրոնները Իսրայելը չէր կարող իր երկրից գործարկել։ Հավանական տարբերակները, որ Թեհրանը դիտարկում է, Ադրբեջանը (հյուսիային հատված) ու Իրաքն են (հարավային կամ կենտրոնական հատված)։
Սակայն չնայած Իսրայել–Իրան հակամարտության ակտիվացմանը` այս փուլում իրանագետը այդ երկրների կամ հարևան երկրների միջև բախումը իրատեսական չի համարում։ Նրա խոսքով` նման հարձակումները Իրանի նկատմամբ առաջին անգամը չէ, որ տեղի են ունենում, սակայն դրանք երբեք խոշոր բախումների չեն հանգեցրել։
«Իրականում Իրանի թշնամի պետությունների կողմից բավականին լուրջ հոգեբանական և քարոզչական ճնշում է գործադրվում երկրի նկատմամբ, և հենց այս հարձակումներն էլ այդ բնույթն են կրում։ Դա նպատակ ունի հասարակության շրջանում որոշակի դժգոհություններ և անվստահություն ստեղծել պետության հանդեպ»,–ասաց նա։
Այնուամենայնիվ, ըստ իրանագետի, նմանատիպ հարձակումներին Թեհրանը գրեթե միշտ հակահարված է հասցնում, այլ հարց է, թե երբ։ Սովորաբար Իրանի հակահարվածները լինում են դեպքերից որոշ ժամանակ անց և հակառակորդի համար անսպասելի վայրերում։
Ինչ վերաբերում է նման զարգացումներում Հայաստանի դիրքավորվածությանը` Միսակյանը կարծում է, որ Հայաստանը պետք է որոշակի պահվածք ունենա այն դեպքում, երբ ավելի սրվեն իրանաադրբեջանական հարաբերությունները, որից Հայաստանը կարող է օգտվել իր տարածաշրջանային խնդիրներ լուծելու և Իրանի գործոնը ՀՀ–ի համար կարևոր խնդիրների լուծման գործընթացում ավելի լավ օգտագործելու համար։ Միևնույն ժամանակ հավելում է, որ պետք է Հայաստանն էլ իր հերթին Իրանին աջակցի անվտանգային կամ քարոզչական ոլորտում հակաադրբեջանական գործողություններում։
«Այսինքն` ոլորտներ են բացվելու, և մենք կարող ենք այդ բացը լրացնել տնտեսականից մինչև անվտանգային»։
Այս համատեքստում նա ընդգծում է, որ Իրանի համար ցանկալի է նաև Հայաստան–Ռուսաստան–Իրան համագործակցությունը, ինչի մասին հայտարարվել է Սյունիքում` Հայաստանում Իրանի դեսպանի կողմից։