ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. ԱՄՆ ԶՈւ–ն Իրանի ռազմական օբյեկտների վրա իրագործված հարձակման հետ առնչություն չունի: Ինչպես տեղեկացնում է «Reuters»–ը, այս հայտարարությունն արել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Պատրիկ Ռադերը։
Պաշտոնյան հրաժարվել է այլ մեկնաբանություններից։
Հունվարի 29-ին հայտնի դարձավ, որ հարվածներ են հասցվել իրանական ռազմական ենթակառուցվածքի մի շարք օբյեկտների։ Հարձակման են ենթարկվել Թավրիզում ԱԹՍ–ների արտադրության գործարանը, Սպահանի ռազմական ձեռնարկությունը և Մալարդում գտնվող զինամթերքի պահեստը։
Ավելի ուշ ամերիկյան լրատվամիջոցները, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, գրեցին, որ հարձակման հեղինակը Իսրայելն է։
Իսրայելը պաշտոնապես չի մեկնաբանել հարվածները, իսկ Իրանի պաշտպանության նախարարությունը հաստատել է միայն Սպահանի գործարանին հասցված հարվածը։