Իրանի ԱԳՆ-ն Կիևից բացատրություն է պահանջել «Ուկրաինան ձեզ զգուշացրել էր» թվիթի համար

Կիրակի գիշերը իրանական մի շարք ռազմական օբյեկտներ ենթարկվել են դեռևս անհայտ ծագման դրոնների հարվածների։ ԶԼՄ-ներում ենթադրություններ են հնչում, որ հարձակումը կարող է օգտագործվել Իրանում իրավիճակի ապակայունացման փորձի համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի - Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Եվգենի Կրավչենկոյին, որպեսզի բացատրություններ ստանա Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի «թվիթների» մասին` Սպահանում դրոնների հարձակման կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է Tasnim գործակալությունը։
Նախօրեին Պոդոլյակը Twitter-ում գրել էր, որ Իրանի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտի վրա հարձակումը կարող է կապ ունենալ Ուկրաինայի իրադարձությունների և Թեհրանի կողմից Ռուսաստանին ենթադրյալ օգնության հետ: Նա գրառումն ուղեկցել է «Ուկրաինան ձեզ զգուշացրել էր» բառերով։
«Ի շարունակություն Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Միխայիլ Պոդոլյակի հայտարարության և Սպահանում Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակմանը այդ երկրի ենթադրյալ մասնակցության ճանաչման, Իրանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ` Ուկրաինայի նախագահի խորհրդականի հայտարարության հետ կապված բացատրություններ տալու համար»,- ասված է հրապարակման մեջ:
Կիրակի գիշերը Իրանի կենտրոնական մասում գտնվող Սպահան քաղաքում ուժեղ պայթյուն էր որոտացել։ Ավելի ուշ հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել էր ռազմական օբյեկտի վրա պայթուցիկով բեռնված կվադրոկոպտերների անհաջող հարձակման մասին։ Անօդաչու թռչող սարքերից մեկը խոցել են հակաօդային պաշտպանության միջոցները, մյուս երկուսը բռնել ու պայթեցրել են զինվորականները։
Իրանը միջոցներ կձեռնարկի ի պատասխան դեսպանին հավատարմագրումից զրկելու` Ուկրաինայի որոշման
Իր հերթին Wall Street Journal թերթը հայտնել էր, որ Իրանում ռազմական օբյեկտների վրա անօդաչուների հարձակման հետևում Իսրայելն է կանգնած: IRNA գործակալությունը գրել է, որ Իսրայելն Իրանում տեղի ունեցած միջադեպերի` երկրաշարժի, շարժիչային յուղերի գործարանում տեղի ունեցած պայթյունի, ինչպես նաև Սպահանի պաշտպանության նախարարության գործարանի վրա դրոնների հարձակման ֆոնին «մեդիահարձակում է ձևավորել» և փորձել է կապել այդ իրադարձությունները երկրում իրավիճակն ապակայունացնելու համար:
Al-Arabiya հեռուստաալիքը հաղորդել էր, որ իրանական օբյեկտի վրա անօդաչուների հարձակմանը կարող էր մասնակցել ԱՄՆ ավիացիան։
Ուկրաինայի ԱԳՆ-ն Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու առաջարկ է արել