Հայկական կողմին փոխանցված զինծառայողի ինքնությունը պարզ կլինի փորձաքննությունից հետո. ՔԿ

Զինծառայողի գլխարկ
Ադրբեջանը հայ զինծառայողի մարմինը փոխանցել է հունվարի 27-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Հայկական կողմին փոխանցված զինծառայողի մարմինը նույնականացնելու համար դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ են նշանակվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
ՀՀ ՊՆ-ն հունվարի 27-ին տեղեկացրեց, որ Ադրբեջանը 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Սյունիքի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմին է փոխանցել հայկական կողմին:

«Այս պահին շարունակվում է նույնականացման գործընթացը»,– ասաց Աբրահամյանը։

Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում հայկական կողմի զոհերի թիվը հասնում է 224–ի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են:
Նշենք, որ քննչական կոմիտեի տվյալներով` սեպտեմբերից անհետ կորած է համարվում 3 զինծառայող։