Հայկական կողմը պետք է օգտագործի Եգիպտոսի նախագահ Ալ–Սիսիի հայաստանյան այցը` նոր մակարդակի բարձրացնելով երկկողմ հարաբերությունները, իսկ դրա համար անհրաժեշտ են լուրջ ջանքեր. կրավորական կեցվածք ընդունելու դեպքում հաջողության չենք հասնի, Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց արաբագետ Արաքս Փաշայանը։
Հունվարի 28-ին երկօրյա այցով Ադրբեջանից Հայաստան ժամանած Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Եգիպտոսի նախագահի հայաստանյան այցը տեղի ունեցավ մեզ համար բավականին բարդ ժամանակաշրջանում, և այն գնահատելուց առաջ պետք է հասկանալ, թե Եգիպտոսն ինչպիսի քաղաքական կիշռ ու դերակատարում ունի Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և առհասարակ արաբամուսլումանական աշխարհում»,– ասաց Փաշայանը։
Ըստ նրա` 2011 թվականին «արաբական գարնան» հետ կապված հայտնի դեպքերից հետո Եգիպտոսը որոշ չափով «տակնուվրա եղավ», հետ ընկավ աշխարհաքաղաքական զործընթացներից ու առժամանակ դադարեց գործոն լինելուց, բայցևայնպես վերջին շրջանում և հատկապես Ալ–Սիսիի նախագահության օրոք հաջողվեց վերականգնել հավասարակշռությունն ու բարձրացնել կարգավիճակը, քանի որ Եգիպտոսն այսօր հաջողությամբ համագործակցում է Մերձավոր Արևելքի, Արաբական թերակղզու և Պարսից ծոցի երկրների հետ։
«Եգիպտոսի հայ համայնքը փոքրաթիվ է, սակայն շատ լավ կազմակերպված է ու կայուն կամրջի դեր է խաղում Հայաստան–Եգիպտոս հարաբերություններում։ Առհասարակ արաբական ուղղությունը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը, քանի որ Պարսից ծոցի տարածաշրջանն այժմ շատ կարևոր է աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական զարգացումների առումով»,– նշեց արաբագետը։
Մեր զրուցակցի կարծիքով` Եգիպտոսի դիրքորոշումն արցախյան հակամարտության վերաբերյալ բավականին հավասարակշռված է, ու թեև Ադրբեջանը շարունակ շահարկում է իսլամական համերաշխության գաղափարը, այդուհանդերձ Եգիպտոսի ղեկավարը Բաքվում հայտարարել է կոնֆլիկտները խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով լուծելու անհրաժեշտության մասին։ Ըստ Փաշայանի` Հայաստանը պետք է բավականին ակտիվ ու նախաձեռնողական քաղաքականություն վարի Մերձավոր Արևելքում, քանի որ այստեղ կան ինչպես մարտահրավերներ, այնպես էլ հնարավորություններ։
Հավելենք, որ սա առաջին անգամ է, որ անկախ Հայաստանն ընդունում է Եգիպտոսի նախագահին։