ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի պատվիրակությունը հունվարի 31-ին կմեկնի Մոսկվա, որտեղ կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների արտաքին հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովների (կոմիտեների) նախագահների խորհրդակցությանը։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
«2023 թվականի հունվարի 31-ից փետրվարի 1-ը Մոսկվա կգործուղվեն Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը և Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Սոֆյա Մնացականյանը»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` դեռ դեկտեմբերին լրատվամիջոցները գրեցին, որ Էդուարդ Աղաջանյանը պատրաստվում է հրաժարվել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Հունվարի 27–ին հայտնի դարձավ, որ նա հրաժարականի դիմում է ներկայացրել։