Դիմակավորված ԱԱԾ–ականները բերման են ենթարկել «Պատրոն Դավոյին»

Նախորդ տարի դատարանը Գալստյանին ազատ էր արձակել 50 մլն գրավի դիմաց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Ժամեր առաջ դիմակավորված անձինք մտել են Դավիթ Գալստյանի` «Պատրոն Դավոյի» տուն և բերման ենթարկել նրան։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակը»։
ԶԼՄ–ի տեղեկություններով` Դավիթ Գալստյանն ու իր փաստաբանը Ազգային անվտանգության ծառայությունում են: Առայժմ հայտնի չէ, թե ինչ գործով է նա ԱԱԾ տարվել։
Հիշեցնենք` 2021թ–ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված էին։
2022–ի մարտին Վերաքննիչ դատարանն ազատ արձակեց զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանին 50 մլն գրավի դիմաց։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: