ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. ՀՀ արզերում և Երևանում իրականացված 1399 ստուգումների արդյունքում հայտնաբերվել է սիգի ապօրինի որսի, վաճառքի և տեղափոխման 56 դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։
Հայտնել ենք, որ սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ դեկտեմբերի 15-ից հունվարի 20-ը ներառյալ արգելվել էր բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ։
Այսպիսով`տարբեր պատասխանոտւ մարմինների` Սևանա լճում իրականացրած համատեղ միջոցառումների արդյունքում արձանագրվել է 15 իրավախախտում։
«Հայտնաբերվել և լճից դուրս են բերվել 174 տիրազուրկ ձկնորսական ցանցեր, 95 հատ խեցգետնաորսիչ և 3 լողամիջոց»,– նշված է ՇՄ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Մարզերում և Երևանում իրականացված ստուգումների արդյունքում առգրավվել է 1843.8 կգ սիգ ձուկ և 12.3 կգ ձկնկիթ։
Նախարարությունից տեղեկացնում են, որ հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ պատրաստվել են նյութեր։ Մասնավորապես`
ՀՀ քրեական օրենսգրքի 385 հոդվածով (Ջրային կենդանիներ ապօրինի որսալը կամ ջրային կենդանիներ կամ ջրային բույսեր ապօրինի արդյունահանելը) պատրաստվել է 1 նյութ,
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 89 հոդվածով (Ապօրինաբար ձկնորսությամբ և ջրային որսորդության այլ տեսակներով զբաղվելը)՝ 20 նյութ,
1126 հոդվածով (Հանրապետության տարածքում պետական անասնաբուժական վերահսկողության ենթակա ապրանքների (բեռների) տեղափոխումը, ընդունումը, պահպանումը և իրացումը առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի)՝ 1 նյութ։