Վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը

Գազի կայան
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի- Sputnik. Այսօր առավոտյան, ժամը 10.00-ից վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը երեկ խափանվել էր ադրբեջանական կողմի միջամտությամբ: Շրջաններում արդեն վերսկսվել է գազի մատակարարումը, որից հետո այն կվերականգնվի նաև Ստեփանակերտ քաղաքում:
Տեղեկությունը հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։