ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Առնվազն 39 մարդ է մահացել այսօր առավոտյան Պակիստանի Բելուջիստան գավառի կիրճն ընկած ավտոբուսի բռնկման հետևանքով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Geo հեռուստաալիքին։
Ինչպես նշել է Լասբելա քաղաքի կոմիսարի օգնական Համզա Անջումը, 48 ուղևորի տեղափոխող ավտոբուսը Քվեթայից Քարաչի էր ուղևորվում։
«Արագությունը գերազանցելու պատճառով ավտոբուսը Լասբելայի մերձակայքում շրջադարձ կատարելիս բախվել է կամրջի հենասյանը, որից հետո մեքենան ընկել է ձորը, այնուհետև՝ բռնկվել», – ասել է նա։
Անջումը հավելել է, որ 4 մարդ, այդ թվում մեկ երեխա և կին, ողջ են մնացել և տեղափոխվել են հիվանդանոց, մահացածների նույնականացումը դժվարացնում է այն, որ մարմիններն այրվել են բռնկված հրդեհից։
Դեպքի վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են։