ԵՐԵՎԱՆ, 29 հունովարի - Sputnik. Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ, որը Հայաստանում է գտնվում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի պատվիրակության կազմում:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։
Արարատ Միրզոյանը կարևորել է երկկողմ հարաբերությունների պատմության ընթացքում Եգիպտոսի ղեկավարի կողմից առաջին պաշտոնական այցի իրականացումը Հայաստան։
Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում առկա փոխգործակցությունն առավել խորացնելու հեռանկարների շուրջ։
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Արարատ Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ,
© Photo : official site of MFA of RA
Արարատ Միրզոյանը Սամեհ Շուքրիին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և միջազգային մարդասիրական իրավունքը: Հայկական կողմը շեշտել է, որ Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել արցախահայությանը։
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային հանրության կողմից գործուն և անհապաղ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը` Լաչինի միջանցքի ապաշրջափակման, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև անվտանգ և անարգել կապի վերականգնման հարցում։
Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել նաև Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի նախագահ էլ–Սիսին Երևան է ժամանել հունվարի 28-ին։ Նա տարածաշրջանային այցով է գտնվում Հայաստանում։ Այցի շրջանակում Եգիպտոսի նախագահը հանդիպում կունենան նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։