ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը ռեկորդային 10-երորդ անգամ հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում։ Եզրափակիչում Ջոկովիչը հաղթանակ է տոնել հույն Ստեֆանոս Ցիցիպասի նկատմամբ։
Թեժ մրցապայքար էր` առաջին սեթում պարտվելով 3:6 հաշվով, Ցիցիպասը մարտիկի հիանալի որակներ դրսևորեց, թույլ չտալով Ջոկովիչին առաջ անցնել։ Այնուամենայնիվ թենիսիստը հաղթանակ տարավ նաև երկրորդ սեթում` հաղթելով թայ–բրեյքում։
Սակայն դա էլ չկոտրեց Ցիցիպասին. երրորդ սեթում նա կրկին չէր զիջում մրցակցին։ Հաղթողը ճանաչվեց երկրորդ թայ–բրեյքի ժամանակ։ Պարտվելով 0:5 հաշվով` Ցիցիպասն այնուամենայնիվ, հասցրեց հաշիվը 5:6–ի, բայց այլևս չկարողացավ դիմակայել։
6:3, 7:6, 7:6 հաշվով 10-րդ անգամ հաղթանակ տոնելով Australian Open–ում՝ Ջոկովիչը շարունակում է մնալ այս մրցաշարի ռեկորդակիրը։ Ռոջեր Ֆեդերերը, որը երկրորդն է, 6 հաղթանակ ունի։
Այսպիսով` «Մեծ սաղավարտի» մրցաշարերում Ջոկովիչն իր հաղթանակներով հավասարվեց Ռաֆայել Նադալին (երկուսն էլ 22-ական)։
Հիշեցնենք, որ նախորդ Australian Open–ին Ջոկովիչին մասնակցել թույլ չէին տվել պատվաստման բացակայության պատճառով։ Նույն պատճառով նա բաց էր թողել նախորդ տարվա US Open–ը։