ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. Հունվարի 29-ին, տեղական ժամանակով ժամը 18:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.35⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 22 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 5.0 մագնիտուդով երկրաշարժ:
Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ, Վայոց Ձորի մարզում ՝ 3 բալ, Արարատի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Իրանի Խոյ քաղաքից 34 կմ հարավ–արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով կրկին երկրաշարժ էր գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ: Երկրաշարժի հետևանքով մահացել է 3 մարդ, կան հարյուրավոր տուժածներ։ Երկրաշարժը բավականին ուժգին զգացվել է նաև Հայաստանի Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում ու Երևան քաղաքում։