ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. Իրանում Հայաստանի դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնել Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից մահացածների ընտանիքներին։ Տեղեկությունը հայտնում է դեսպանության մամուլի ծառայությունը։
«Թեհրանում Հայաստանի դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնում Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Իրանի Խոյ քաղաքից 34 կմ հարավ–արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ: Երկրաշարժի հետևանքով մահացել է 3 մարդ, տուժել է 447–ը։
Երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում ու Երևան քաղաքում։