ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Իրանական Սպահանում գտնվող ՊՆ–ի գործարանի վրա անօդաչուներով հարձակման հետևում կանգնած է Իսրայելը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Wall Street Journal թերթին։
Ինչպես ավելի վաղ նշել էին իրանական ԶԼՄ–ները, իրանական Սպահանում գտնվող ՊՆ–ի ռազմական օբյեկտը փոքր անօդաչուների հարձակման հետևանքով աննշան վնասվել է, զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան։ Հայտնել էին, որ անօդաչուներից մեկը խոցվել է ՀՕՊ միջոցներով, մյուս երկու սարքերը որսացել են զինվորականներն ու պայթեցրել։ Աղբյուրին հղում անելով՝ Al-Arabiya հեռուստաալիքը հայտարարել էր, որ անօդաչուների գրոհին մասնակցում էր ԱՄՆ ավիացիան։
«Իսրայելը գաղտնի հարված է հասցրել Իրանի պաշտպանական համալիրին», – հայտնել էին պարբերականին` հղում անելով անհայտ ամերիկացի պաշտոնյաների։
Թերթը գրում է, որ սա Իսրայելի առաջին հայտնի հարձակումն է այն բանից հետո, երբ երկրի վարչապետ կրկին դարձավ Բենիամին Նեթանյահուն։
Նշվում է, որ իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաները Ռուսաստանի հետ Իրանի համագործակցությունը զարգացնելու դեմ պայքարի նոր եղանակներ են քննարկում։
Սպասվում է, որ Նեթանյահուի նոր կառավարությունը Ուկրաինային ռազմական օգնություն չի տրամադրելու, սակայն շարունակելու է գաղտնի հարվածներ հասցնել Իրանի միջուկային և ռազմական ծրագրերին։