ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. ՀՀ իշխանությունները, առանց որևէ պատճառաբանության, Հայաստանի համար անցանկալի անձ են ճանաչել Ֆրանսիայի «ՀՅԴ նոր սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանին:
Տեղեկությունը հայտնում են ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակից։
«Այս գործելաոճը ևս մեկ անգամ փաստում է ՀՀ ներկա իշխանությունների հակահայ դիրքավորումը, որը ջանում է բոլոր հնարավոր միջոցներով և մակարդակներով կասեցնել և խոչընդոտել ՀՅԴ երիտասարդական համաշխարհային կառույցի աշխատանքը:
ՀՅԴ երիտասարդականի անդամները սովորաբար հայրենիք են ժամանում հայրենանվեր կամավորական ծրագրեր և աշխատանքներ իրականացնելու համար:
Այս անգամ ընկեր Նժդեհը պետք է ժամաներ հայրենիք` փետրավարի 6-10 Սյունիքում տեղի ունենալիք ՀՅԴ Երիտասարդական համաշխարհային համագումարին մասնակցելու, որտեղ աշխարհի չորս կողմից պետք է համախմբվեն ՀՅԴ երիտասարդական միավորների ներկայացուցիչները` միասնաբար ծրագրելու ՀՅԴ երիտասարդության առաջիկա գործունեությունն ու անելիքները»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ ամիսներ առաջ Հայաստանի համար անցանկալի անձ ճանաչվեցին ՀՅԴ մի քանի ղեկավարները (Մուրադ Փափազյան, Մասիս Աբրահամյան) և ՀՅԴ Հոլանդիայի «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանը: