Վերջին տարիներին մեր բանակին հարվածել են թիկունքից, այս պատերազմը եղել է դավադիր. Օհանյան

Սեյրան Օհանյան
Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ իշխանության ներկայացուցիչները գաղտագողի են գալիս Եռաբլուր, քանի որ նրանց համար բանակը խորթ է, նրանցից շատերը բանակի կայացման գործում ոչինչ չեն արել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Վերջին տարիներին հայկական բանակին հարվածել են թիկունքից, 44–օրյա պատերազմը եղել է դավադիր: Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Պետությունը, կարելի է ասել, չի օգնել բանակին, որ մենք հաղթանակ ունենանք, բայց այսօր մեզանից յուրաքանչյուրի գործն է պաշտպանել այն կառույցը, որը տարիներ ի վեր մեզ պաշտպանել է: Յուրաքանչյուր ոք այսօր պարտավոր է բանակին պաշտպանել որպես իր կենդանի զավակին և ամեն ինչով օգնել, աջակցել, որ բանակը կայանա, ամեն գնով փարատվեն այն բոլոր մտահոգությունները, որ բանակն այսօր անվտանգության երաշխավորը չէ»,- ասաց նա:
Օհանյանն ընդգծեց, որ այսօր իշխանության ներկայացուցիչները գաղտագողի են գալիս Եռաբլուր, քանի որ նրանց համար բանակը խորթ է:
Բանակը վերադարձել է ջոկատային տրամաբանության. այս իրավիճակը սպասելի էր Մանուկյանի համար
«Խորթ է, որովհետև նրանցից շատ-շատերը բանակում չեն ծառայել, չգիտեն բանակում ծառայության առանձնահատկությունները և դժվարությունները: Խորթ է, որովհետեւ այլ պայմանավորվածություններ ունեն, մեր երկրին խոստացել են խաղաղություն, կայուն զարգացում, բայց բերեցին մեր երկրի համար պատերազմ և բազմաթիվ զոհեր: Եթե այսօրվա ղեկավարությունը պատերազմի ժամանակ գնար, կանգներ զինվորի, հրամանատարի կողքին, մենք զոհեր քիչ կունենայինք, և այստեղ իրենք չէին գա ձևական ծնկի իջնեին, իբրև իրենք մտահոգված էին»,- ասաց նա:
Օհանյանի կարծիքով` բանակը պարտավոր է, ի վիճակի է որպես կազմակերպված կառույց առաջինը ոտքի կանգնել, իր մեջքն ուղղել և իր առջև դրված խնդիրը կատարել։
Հիշեցնենք` հունվարի 28–ին ՀՀ ԶՈւ–ն նշում է իր կազմավորման 31-ամյակը։ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց ագային բանակի ստեղծումը:
«Ներողություն եմ խնդրում». Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Բանակի օրվա կապակցությամբ