ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Այսօր Թուրքիայի կենտրոնական Նիղդե նահանգում զբոսաշրջիկներին տեղափոխող երկու ավտոբուսներ են վթարի ենթարկվել, ինչի հետևանքով տուժել է ավելի քան 40 օտարերկրացի։ Տեղեկությունը հայտնում է DHA գործակալությունը։
Գեստերլի գյուղի մոտակայքում գտնվող ճանապարհին դեռևս չպարզված հանգամանքներում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսներից մեկը բախվել է սյանը։
«Վթարի հետևանքով տուժել են վարորդը, էքսկուրսավարը և 12 զբոսաշրջիկներ, որոնք Թուրքիա են ժամանել Բրազիլիայից, Կոլումբիայից, Մեքսիկայից, Բոլիվիայից, Ուրուգվայից, Արգենտինայից»,- հայտնում է գործակալությունը։
Դեպքի վայր մեկնած շտապօգնության մեքենան նույնպես վթարի է ենթարկվել, տուժել է վեց բժիշկ։
Այդ ընթացքում Աքթաշ գյուղի մոտակայքում ավտոճանապարհին շրջվել է զբոսաշրջիկներին տեղափոխող մեկ այլ ավտոբուս, ինչի հետևանքով 59-ամյա մի ուղևոր է մահացել, ևս 27-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։
Ոստիկանները բերման են ենթարկել վարորդին։ Իրավապահները պարզում են վթարի հանգամանքները։