Շվեդիայում հուսով են, որ ՆԱՏՕ-ի անդամակցության շուրջ պայմանավորվածության կհասնեն ամռանը

Շվեդիայի ԱԳՆ
Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը տեղի կունենա 2023 թվականի հուլիսին Վիլնյուսում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմն ասել է, որ Ղուրանի այրման ակցիայի ֆոնին ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը դադարեցվել է, բայցհույս է հայտնել, որ կհաջողվի Անկարայի հետ պայմանավորվածությունների հասնել հուլիսին դաշինքի երկրների արտգործնախարարների գագաթնաժողովում: Տեղեկությունը հայտնում է շվեդական «Expressen» թերթը։
Դաշինքի հերթական գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Վիլնյուսում 2023 թվականի հուլիսի 11-12-ը։
Նշենք, որ հունվարի 21-ին Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ Ղուրան էին այրել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 23-ին հայտարարել էր, որ Շվեդիան չպետք է հույս ունենա, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում աջակցություն կստանա Թուրքիայից։ Նույն օրը «Pagoda» աջ արմատական շարժման առաջնորդ Էդվին Վագենսվելդը Ղուրանից մի քանի էջ էր պոկել ու այրել Հաագայում։
Թուրքիան Շվեդիայի առջև պայման է դրել ՆԱՏՕ–ին անդամակցելու համար
Հիշեցնենք` Ֆինլանդիան և Շվեդիան ՌԴ ռազմական հատուկ գործողության ֆոնին 2022 թվականի մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին փոխանցեցին դաշինքին անդամակցելու հայտերը։ Այս պահին Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը չեն վավերացրել դաշինքի անդամ 30 երկրներից միայն երկուսը՝ Հունգարիան ու Թուրքիան։