ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի փնտրտուքների մեջ է։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Քրիստինե Գրիգորյանի հրաժարականից հետո ՔՊ-ն չի կարողանում ՄԻՊ թեկնածու գտնել, որը կհամապատասխանի բոլոր պահանջներին, միևնույն ժամանակ ընկալելի կլինի հանրության համար: Թեև այս օրերին ՄԻՊ թեկնածուի անուններ շրջանառվում են, բայց տեղեկացանք, որ ՔՊ-ն մինչ օրս էլ թեկնածու չունի»,– գրում է թերթը։
Հավելենք, որ ըստ «Ազգային ժողովի կանոնակարգի»` թեկնածուները կարող են առաջադրվել ՄԻՊ-ի պաշտոնը թափուր մնալուց հետո տասնօրյա ժամկետում: Իշխող խմբակցությունը հաջորդ շաբաթ պետք է վերջնական որոշում կայացնի:
ՄԻՊ ընտրելու համար անհրաժեշտ է 65 ձայն, այսինքն՝ ՔՊ-ն միայնակ կարող է անցկացնել իր թեկնածուին՝ անկախ ընդդիմության քվեարկությունից:
Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ ՄԻՊ–ի պաշտոնը կարող է զբաղեցնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Քրիստինե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Որոշումը, ըստ որոշ տեղեկությունների, կապված է Բարձրագույն դատական խորհուրդ տեղափոխելու հետ։ Գրիգորյանը պաշտոնավարեց մեկ տարի, նա նշանակվել էր 2022 թվականի հունվարի 24-ին Արման Թաթոյանի լիազորությունների ավարտից հետո։ Ավելի ուշ որոշ լրատվամիջոցներ գրեցին, որ Քրիստինե Գրիգորյանը կարող է գլխավորել նոր կազմավորվող արտաքին հետախուզության ծառայությունը։