Հայաստանն առողջապահական տուրիզմի զարգացման ներուժ ունի։ Ունի նաև միջազգային չափորոշիչներին համապատասխանող բուժկենտրոններ ու որակյալ բժիշկներ։ Բայց չունի բուժման նպատակով Հայաստան ժամանած պացիենտների հետ օտար լեզվով շփվող մասնագետներ ու սպասարկող անձնակազմ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադառնալով ոլորտի զարգացման հնարավորություններին, այս մասին ասաց «Աջափնյակ» բժշկական կենտրոնի ղեկավար Գրիգորի Մանուկյանը։
«Բազմիցս առնչվել եմ իրավիճակների, երբ օտարերկրացի պացիենտները բուժկենտրոններից դժգոհ են մնում այն պատճառով, որ դժվար է լինում բացատրել ու հասկացնել իրենց կարիքները, գանգատները, ցանկությունները, քանի որ միջին բուժանձնակազմը, նաև բժիշկներից շատերը, դժվարությամբ են խոսում օտար լեզվով»,–ասաց նա։
Այդուհանդերձ, Հայաստան բուժման նպատակով ժամանողների թիվը վերջին տարիներին, մեր զրուցակցի խոսքով, բավական մեծացել է։ Հատկապես մեծ է եղել հոսքը 2022թ–ին։
Միայն «Աջափնյակ» բժշկական կենտրոնում անցյալ տարի 2021թ–ի համեմատ գրեթե կրկնապատկվել է օտարերկրացի պացիենտների թիվը։ Նման հոսքը Գրիգորի Մանուկյանը հիմնականում պայմանավորում է ՌԴ–ից Հայաստան տեղափոխվածների թվաքանակի աճով։
Պացիենտներից բացի 2022թ–ին ՌԴ–ից նաև մեծ թվով բժիշկներ են ժամանել Հայաստան։
«Իհարկե, դա կապված է Ռուսաստանում կատարված իրադարձությունների հետ, և այդ ժամանակահատվածում ՌԴ–ում բնակվող շատ հայ բժիշկներ վերադարձել են ու այսօր էլ աշխատում են Հայաստանում։ Այդ բժիշկները նույնպես փորձառու ու որակյալ մասնագետներ են»,– ասաց Մանուկյանը։
Գրիգորի Մանուկյանի դիտարկմամբ` Հայաստանն առողջապահական տուրիզմի զարգացման լուրջ պոտենցիալ ունի հատկապես պլաստիկ ու էսթետիկ վիրաբուժության ոլորտում, քանի որ այս ծառայություններն արտերկրում բժշկական ապահովագրության ծածկույթում չեն։
Երկրորդը մինիմալ ինվազիվ և նոր տեխնոլոգիաներով իրականացվող վիրահատություններն են, այդ թվում էնդոսկոպիկ ու լապարոսկոպիկ վիրահատությունները։ Հայաստանի մասնագետների գինեկոլոգիական ու ուռուցքաբանական ծառայությունները ևս մեծ պահանջարկ ունեն օտարերկրացիների շրջանում։ Գրիգորի Մանուկյանի խոսքով` շատ արդիական է դարձել նաև ճարպակալման դեմ վիրահատական միջամտությունը։
«Մեր մասնագետները նույնիսկ իրենք են պատրաստ մեկնել այլ երկրներ, և արտերկրում բազմաթիվ վիրահատություններ են կատարում։ Ես առնչվել եմ այն մասնագետների հետ, որոնք մեկնում են, օրինակ, ՌԴ կամ այլ երկրներ, որտեղ վիրահատություններ են կատարում»,– ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ հայաստանյան բժշկական որակյալ կրթությունը թույլ է տալիս ունենալ մասնագիտական լուրջ ներուժ առողջապահական համակարգի ոչ միայն ներքին, այլև արտաքին պահանջարկը բավարարելու համար։
Ինչ վերաբերում է բուժման նպատակով Հայաստան այցելողներին, մասնագետը նշում է, որ աշխարհագրությունը բազմազան է։ Բայց դրանք հիմնականում ԱՄՆ քաղաքացիներն են, որոնք մեծամասամբ պլաստիկ վիրահատությունների համար են դիմում։
Նույն նպատակով մեծ է ներհոսքը նաև ՌԴ–ից, մասնավորապես Մոսկվա ու Սանկտ– Պետերբուրգ քաղաքներից։ Այս դեպքում հիմական գործոնը ուղիղ չվերթերի առկայությունն ու մշակութային նմանություններն են։
Ռուսաստանյան այլ քաղաքներից ևս Հայաստան են ժամանում հետազոտությունների, անհրաժեշտության դեպքում` նաև վիրահատական տարբեր միջամտությունների համար։
Գրիգորի Մանուկյանը փաստում է, որ առողջապահական տուրիզմի զարգացման համար շատ կարևոր է լոգիստիկ խնդիրների լուծումը։ Նրա խոսքով` երկիրը բժշկական տուրիզմի համար գրավիչ է, եթե պացիենտը հնարավորություն ունի այնտեղ հասնելու հնարավորինս հարմար տարբերակով` ուղիղ չվերթով։ Մինչդեռ Հայաստանի օդային հաղորդակցությունն այսօր հատկապես եվրոպական երկրների հետ դեռևս զարգացման ցանկալի մակարդակին չէ։
Բացի այդ, Հայաստանն այս ոլորտում զիջում է հարևան Վրաստանին ոչ միայն լոգիստիկ կարողությունների հարցում. առողջապահական ծառայությունների գները մեր երկրում անհամեմատ բարձր են։ Այս հարցում ևս, մեր զրուցակցի կարծիքով, անելիքներ դեռ շատ կան։
Նույն խնդիրն առկա է նաև առողջարանային ծառայությունների դեպքում, որոնք զարգացած էին դեռ Խորհրդային Հայաստանում և պահպանել են իրենց բարձր մակարդակը։
«Առողջարանային տուրիզմը ևս բժշկական տուրիզմի շատ կարևոր բաղադրիչ է հանդիսանում, քանի որ ցանկացած բժշկական օգնություն ստանալուց հետո ցանկացած պացիենտ վերականգնվելու կարիք ունի։ Դրա համար շատ կարևոր է համախմբել բժշկական տուրիզմը (լինի դա կոնսերվատիվ թերապևտիկ, թե վիրաբուժական) առողջարանային վերականգնողական բուժման հետ։ Վիրաբուժական միջամտությունների համար դիմած մեր պացիենտների փաթեթներում մենք պարբերաբար ներառում ենք նաև մի քանի օր, որպեսզի վերականգնեն իրենց առողջությունը նաև առողջարանային կենտրոններում։ Բայց այստեղ կա մեկ բայց. մեր սանատորիաներում ու կուրորտային հյուրանոցներում գները շարունակում են մնալ շատ բարձր, և մրցունակությունը բավական նվազում է»,– ասաց նա։
Լեզվական ու լոգիստիկ խնդիրներից ու բարձր գներից բացի, կա ևս մեկ խնդիր, որը խոչընդոտում է հայաստանյան առողջապահական տուրիզմի զարգացմանը։ Դա Հայաստանի առողջապահական համակարգի ու մասնագիտական կարողությունների մասին արտերկրում տեղեկացվածության չափազանց ցածր մակարդակն է։
Գրիգորի Մանուկյանի խոսքով` յուրաքանչյուր բուժհիմնարկ կամ անհատ մասնագետ այս խնդիրը փորձում է լուծել սեփական տեղեկատվական հարթակները զարգացնելու, համացանցի ու սոցիալական կայքերի միջոցով։ Պետական մակարդակով համակարգված քարոզչություն դրսում չի տարվում։
Հիշեցնենք` օրեր առաջ աշխատանքային այցով Կատարի Պետությունում էր գտնվում ՀՀ պատվիրակությունը, որի կազմում էր նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա Զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալիֆա բին Ջասեմ ալ-Քուարի հետ հանդիպմանը կարևորել էր առողջապահական տուրիզմի զարգացումը։
Նախարարի խոսքով` Covid-19 համավարակի դժվար ժամանակաշրջանն օգնել է հասկանալ, որ մեր երկիրն առողջապահական տուրիզմի զարգացման լայն հնարավորություններ ունի։ Ուստի, նրա հավաստմամբ, առողջարանային ծառայությունները ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են լինելու։