ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը կարծում է, որ Ռուսաստանի և Բելառուսի մարզիկները կարող են 2024 թվականին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերում հանդես գալ չեզոք դրոշի ներքո։
«Մարզիկներին անձնագրերի պատճառով հեռացնելը չի համապատասխանում Օլիմպիական խարտիայի արժեքներին և առաքելությանը: Հնարավոր է` ռուսաստանցի և բելառուսցի մարզիկները չեզոք դրոշի ներքո հանդես գան 2024 թվականին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերում»,- Բախի խոսքը մեջբերում է «Spiegel»-ը:
Հունվարի 25-ին ՄՕԿ գործադիր կոմիտեն կոչ արեց ՌԴ–ի և Բելառուսի մարզիկներին չեզոք կարգավիճակով վերադարձնել միջազգային մրցումներին՝ միաժամանակ առաջարկելով թույլ չտալ մասնակցել այն մարզիկներին, որոնք ակտիվորեն աջակցում են Ուկրաինայում հատուկ գործողությանը։
2022 թվականի փետրվարի վերջին ՄՕԿ-ը Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով միջազգային մարզական ֆեդերացիաներին խորհուրդ տվեց ՌԴ–ի և Բելառուսի մարզիկներին թույլ չտալ մասնակցել մրցումներին՝ որպես պաշտպանական միջոց։ Դեկտեմբերին Լոզանում օլիմպիական գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում նշվեց Ասիայի օլիմպիական խորհրդի (OCA) նախաձեռնության համընդհանուր աջակցության մասին՝ այդ պաշտպանական միջոցառումները վերանայելու համար: