ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Իտալիան և Ֆրանսիան պատրաստվում են Ուկրաինային տրամադրել 800 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ «Samp/T» հակաօդային պաշտպանության համակարգ՝ «Աստեր» զենիթային հրթիռներով։ Տեղեկությունը հայտնում է «il Messaggero» թերթը։
Պարբերականը նշում է, որ համակարգը կարող է նույնիսկ բալիստիկ հրթիռները որսալ։
«Կառավարման բլոկը կարող է 130 տարբեր թիրախ վերահսկել և արձակել մինչև 10 հրթիռ նույն թվով թիրախների ուղղությամբ, «Astra»-ի 4 բեռնատարների վրա տեղադրված է 32 հրթիռ, որոնցից յուրաքանչյուրը կարող է տեղափոխել և արձակել 8 «Aster-30»։ Հակահրթիռային վահանի արժեքը 500 մլն եվրո է, 32 «Աստեր-30»- ից յուրաքանչյուրինը՝ 2 մլն եվրո։ Ընդհանուր՝ 800 միլիոն», - գրում է պարբերականը՝ այն «շատ թանկ նվեր» անվանելով։
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով, կրակի հետ են խաղում։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք տրամադրելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն է թողնում։