«Հակառակորդի ագրեսիվ հռետորաբանությանը կարող ենք միայն ամուր բանակ հակադրել». ՀՀ նախագահ

Վահագն Խաչատուրյան
Վահագն Խաչատուրյանի խոսքով` բանակին անհրաժեշտ է Հայաստանի քաղաքացիների աներկբա զորակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Հայաստանը հակառակորդի ագրեսիվ հռետորաբանությանը կարող է միայն ամուր ու պրոֆեսիոնալ բանակ հակադրել։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի կապակցությամբ։
«Զինված ուժերի 31-րդ տարեդարձը նշում ենք պետականության համար վճռական ժամանակաշրջանում: Այսօր դեռ ապաքինված չեն 44-օրյա պատերազմի վերքերը, հակառակորդները շարունակում են իրենց ագրեսիվ հռետորաբանությունը և վերջինիս մենք՝ որպես պետություն, կարող ենք հակադրել միայն ժամանակակից, կայացած, ամուր ու պրոֆեսիոնալ բանակ»,– ասված է ուղերձում:
ՀՀ նախագահի խոսքով` ԶՈւ վերափոխման ու բարեփոխման գործում դեռ շատ անելիք կա, բայց այդ գործում առավել էական է, թե որ սկզբունքներն ու հայեցակարգն են լինելու ուղենիշերը:
«Այդ գաղափարները հստակ են՝ խաղաղություն, մեր պետության սահմանների ու ինքնիշխանության պաշտպանություն և անվտանգություն: Հենց այս նպատակներին հասնելու համար բանակին անհրաժեշտ է Հայաստանի քաղաքացիներիս աներկբա զորակցությունը, որովհետև բանակն ինքնաբավ ու ինքնուրույն մի կառույց չէ, այլ մեր հասարակության խտացված արտացոլանքն ու պետական մտածողության բյուրեղացման արդյունքը»,– ընդգծել է ՀՀ նախագահը:
Նա զինվորներին ու սպաներին շնորհավորել է Բանակի օրվա կապակցությամբ և մաղթել խաղաղություն, տոկունություն և ամուր կամք: