ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղակատվական շտաբը։
«Դրանով պայմանավորված՝ առաջիկայում կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի գազամատակարարումը: Բնակչությանը հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։