ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Լոռու մարզում գտնվող Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շարունակում է աշխատել, թեև ոչ ամբողջ հզորությամբ: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին հանքը և լեռնահարստացման կոմբինատը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։
2022 թվականի մարտին` հակառուսական պատժամիջոցների սկսվելուց անմիջապես հետո, ընկերությունը հայտնեց, որ դադարեցնում է արդյունահանումն ու վերամշակումը` որպես պատճառ նշելով պլանային-կանխարգելիչ վերանորոգման աշխատանքները։ 2021 թվականի վերջին ընկերության բաժնետերերի թվում էր ՎՏԲ բանկը, ինչը կարող էր պատճառ դառնալ եվրոպացի գնորդներին խտանյութի մատակարարումների խափանման համար։ Որոշ ժամանակ անց հանքի աշխատանքը վերսկսվեց։
Հարցին, թե արդյոք ընդմիջումը կապված էր պատժամիջոցների հետ, ընկերությունից պատասխանել են. «2022 թվականին զգալի փոփոխություններ են տեղի ունեցել պղնձի համաշխարհային արտադրողների մոտ, ինչը լոգիստիկ շղթաների վերաուղղորդում է պահանջում»։
«Եվրոպացի թրեյդերներն ու խտանյութերի գնորդները մեզ անհայտ պատճառներով փոխել են իրենց ծրագրերը, ինչն ազդել է ապրանքների առաքման ծավալների վրա։ 2022 թվականին ընկերությունը միջին հաշվով ամսական իրացրել է մոտ 2000 տոննա արտադրանք (խտանյութ. խմբ.) և ապահովել պետական բոլոր պարտադիր վճարները, մարել է իր մատակարարների նկատմամբ պարտավորությունները, պահպանել է անձնակազմը և ապահովել նրանց վճարումները ձեռնարկությունում միջին աշխատավարձի 2/3-ի չափով», – նշել են ՓԲԸ–ից։
Հունվարին ընկերությունը նախատեսում է արդյունահանել և մշակել մոտ 300 հազար տոննա հանքաքար, նույնքան էլ` փետրվարին ու մարտին, և շարունակելու է իրացումը գործող պայմանագրերով։
«Մենք շարունակում ենք աշխատել պղնձաձուլական համաշխարհային ընկերությունների հետ մեր արտադրանքի առաջխաղացման նպատակով»,- ասվում է մեկնաբանության մեջ։ Ընկերությունը նաև կանխարգելիչ աշխատանքներ է իրականացնում արտադրական օբյեկտների անվտանգության պահպանման ուղղությամբ, ինչպես նաև շարունակում է աշխատել վերահսկիչ մարմինների հետ` համաձայնեցնելով 15 տարվա արդյունահանման ծրագիրը։
Բացի այդ, ընկերությունն ընդլայնում է իր լաբորատորիայի կարողությունները, որպեսզի կատարի նմուշների անալիզ (հանքաքարի, խտանյութի և այլ նյութերի) ոչ միայն սեփական կարիքների, այլև որպես ծառայություն` այլ կազմակերպությունների համար: Այժմ լաբորատորիան պատրաստվում է պետական հավատարմագրման։
«Հաշվի առնելով, որ ընկերությունում առաջացած բարդությունները մեծ մասամբ պայմանավորված են ընդհանուր համաշխարհային տուրբուլենտությամբ` «Թեղուտ» ՓԲԸ-ն կառավարությունից որևէ օգնություն չի ակնկալում և հնարավոր ամեն ինչ ձեռնարկում է ծագած խնդիրներն ինքնուրույն լուծելու համար»,– նշվում է մեկնաբանության մեջ:
Հիշեցնենք, որ ամբողջ հզորությամբ աշխատելու ընթացքում ընկերությունը Հայաստանի խոշորագույն հարկատուների տասնյակում էր (2021-ին 10-րդն էր)։ 2022 թվականի արդյունքներով ընկերությունը զբաղեցրել է 14-րդ տեղը։