Տարօրինակ է, որ առաքելություն ուղարկելու որոշումը չի իրականացվում. Գևորգյանը` ԵԽԽՎ–ում

Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ նիստում
Գևորգյանը Վեհաժողովի ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ Ադրբեջանը 2022-ի վերջից սկսել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ինքնակառավարման կարգավիճակի վերացման գործընթաց:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Եվրոպան պետք է շարունակի իր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղը: Այս մասին ասել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական և տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գևորգյանը` հունվարի 26-ին ելույթ ունենալով «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի» թեմայով քննարկման ժամանակ, տեղեկանում ենք ԱԺ կայքից։
«Բավական տարօրինակ է, որ փաստահավաք նպատակներով տարածաշրջան ԵԽԽՎ մոնիթորինգի առաքելություն ուղարկելու որոշումը չի իրականացվում: Ի՞նչ է սա: Անտարբերությո՞ւն, թե՞ մեր կազմակերպության գործունեության խաթարում»,–ասել է Գևորգյանը։
Նա նշել է, որ այսօր Ադրբեջանը հայերին ահաբեկում է Լաչինի միջանցքի պաշարման միջոցով: Գևորգյանը հարց է հղել` հաշվի առնելով Ադրբեջանի ավտորիտար ու ահաբեկչական բնույթը` հնարավո՞ր է արդյոք Լեռնային Ղարաբաղը պատկերացնել նրա կազմում:
Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը տարիներ շարունակ մեր կազմակերպությունում շահարկել է հասարակական կարծիքը, մի բան, ինչն այժմ չեն կարողանում անել Եվրոպական խորհրդարանում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կամ ԵԱՀԿ-ում: Ուստի, պետք է մտորել՝ ինչո՞ւ է այդպես:
Միաժամանակ, Գևորգյանը Վեհաժողովի ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ Ադրբեջանը 2022-ի վերջից սկսել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ինքնակառավարման կարգավիճակի վերացման գործընթաց: Սա, ըստ նրա, Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի ակնհայտ ոտնահարում է, որը պետք է կանխել:
Միայն մեկ ճանապարհ կա ստուգելու` Ադրբեջանը ճիշտ է ասում, թե ոչ. Ռուբեն Ռուբինյան
«Ժամանակն է նաև, որ այս Վեհաժողովը շատ լրջորեն քննարկի այն պատվիրակությունների հավատարմագրերը չճանաչելու հարցը, որոնց կառավարությունները զբաղված են անդրսահմանային ուժի կիրառմամբ, կամ մարդու իրավունքների այլ լուրջ և կանոնավոր ոտնահարումներով՝ լինի դա իրենց տարածքում, թե դրանից դուրս»,- ասել է Գևորգյանը:
Հիշեցնենք, որ Գևորգյանն իր ելույթում, խոսելով Լաչինի միջանցքի մասին, ասել էր, որ այն միայն մարդկանց իրավունքների հարց չէ, այլ Ադրբեջանի կողմից պետականորեն իրականացվող էթնիկ զտումների քաղաքականություն։
Նա հիշեցրել է, որ «Economist» հանդեսի վերլուծական կենտրոնի հրապարակմամբ` ժողովրդավարության գլոբալ ինդեքսում Ադրբեջանը «ավտորիտար ռեժիմ է» համարվում։ Այն նույն ընտանիքի կողմից կառավարվում է արդեն ավելի քան 40 տարի։