Շատ լինելը շատ լավ է. չնայած խնդիրներին՝ 10 երեխա ունեցող Կարապետյանները չեն դժգոհում

Կարապետյանների ընտանիքը
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը տարիներ շարունակ ենթարկվում է միայն լրամշակման, սակայն այդպես էլ վերջնական տեսքի չի գալիս։
Sputnik
Վոլոդյա, Ռիմա, Անժելա, Նազելի, Մարիամ, Միլենա, Արիաննա, Նվեր, Դավիթ, Էդվարդ՝ 6 աղջիկ, 4 տղա: Ավագը 19 տարեկան է, ամենափոքրը՝ 1 տարեկան 8 ամսական: Չնայած սոցիալական դժվարություններին ու խնդիրներն, Ախուրյանում բնակվող Կարապետյանները չեն դժգոհում՝ մի քանի ամսից էլ նրանց 11-րդ զավակն է ծնվելու:
39-ամյա մայրը փորձելով մեկ առ մեկ ներկայացնել երեխաներին՝ շտապում է հավաստիացնել, որ ինչքան էլ դժվար լինի, հոգ չէ՝ երեխան լավ է, իսկ շատ երեխաները՝ շատ ավելի: Երեխաներից միայն ավագն է չափահաս, որը հիմա ժամկետային ծառայության մեջ է: Մայրն ասում է՝ հպարտությամբ է որդին ծառայում՝ չի դժգոհում: Երկու դուստրերն էլ, չնայած քոլեջի ուսանողներ են՝ մեկը խոհարարություն է սովորում, մյուսը՝ գեղանկարչություն, բայց երազում են ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան. արդեն երկրորդ տարին է՝ պատանի երկրապահներ են:
Հովհաննես ու Աշխեն Կարապետյանները
«Դժվար է, դժվարությունն ամեն ինչի մեջ կա: Ճիշտ է, հասկացող երեխաներ են՝ չեն պահանջում, բայց դե դպրոց, քոլեջ, սնունդ-հագուստ: Փա՛ռք Աստծո, հասցնում եմ՝ պարտքով է, տալիքով է: Շատ նպատակներ ունեն, թո՛ղ սովորեն՝ մարդ դառնան»,-ասում է Աշխենը։
Ընտանիքի ամսական եկամուտը 160 հազար դրամ է՝ ամուսնու աշխատավարձը, որը անասնապահությամբ է զբաղվում, կրտսեր երեխայի համար տրվող գումարն ու ընտանեկան նպաստը: 160 հազար դրամը 12 անձի համար իհարկե բավարար չէ, բայց չի թաքցնում՝ անհատ բարերարներ ու բարեգործական կազմակերպություններ կան, որոնք աջակցում են:
12-ամյա Նազելի Կարապետյանը
Ամուսինը՝ Հովհաննեսը պատրաստ է ցանկացած գործ անել, բայց վաստակածը միայն սնունդին ու երեխաների առաջնային կարիքներին է բավարարում։ Ունեն կով, որը գնել են փոքր երեխայի ծննդյան գումարով. սա փոքր ինչ թեթևացրել է հոգսը՝ փոքրերի համար կաթը չեն գնում: Մեկ երինջ էլ նվեր են ստացել բարերարից: «Ես միայն հասցնում եմ հաց գնել, մեկ էլ բազմոցն եմ գնել, մնացածը՝ հեռուստացույց, սառնարան..., բարերարների շնորհիվ է, դրա համար էլ մեծ աղջիկներս ասում են՝ սովորենք, մենք էլ բարեգործություն անենք»:
Չնայած դժվարություններին՝ հունիսին ծնվելու է Կարապետյանների 11-րդ զավակը: Ամենամեծ խնդիրը տարածքն է՝ հազիվ են տեղավորվում փոքրիկ տանը, իսկ ձմռանը տաքանալու խնդիրն է ավելանում՝ տունը աթարով ու փայտով են տաքացնում:
«12 անձի համար միայն հաց գնելը բավական գումար է, դրա համար էլ հիմնականում թխում եմ: Ջահել ժամանակ ասում էի՝ 1 երեխա եմ ունենալու, բայց շուտով 11-րդս է ծնվելու, հիմա մտածում եմ՝ ով քիչ երեխա է ուզում, կյանքին լիարժեք չի նայում՝ նվազագույնը 4-5 երեխա պետք է ունենալ»,-հպարտությամբ ասում է Աշխենը:
Չնայած Կարապետյանների երեխաները առանձին սենյակներ, համակարգիչ կամ ժամանակակից խաղալիքներ չունեն, իսկ ննջասենյակում ձմռանն ավելի ցուրտ է, քան բակում, իրենց երջանիկ են զգում՝ շատ լինելը շատ լավ է՝ ասում են: Կարապետյանների նման բազմազավակ ընտանիքների թիվը, սակայն, տարեցտարի նվազում է:
Ախուրյանում 10 և ավել երեխա ունեցող 4 ընտանիք կա: Նախկինում՝ մինչև 1992 թվականը, նման ընտանիքները օգտվում էին տարբեր արտոնություններից ու զեղչերից, հիմա նրանց հիմնական եկամուտը նպաստն է, երեխաների միանվագ գումարներն ու մինչև 6 տարեկան երեխաների համար տրամադրվող խնամքի գումարը:
1 / 8

Հովհաննես ու Աշխեն Կարապետյանները

2 / 8

12-ամյա Նազելի Կարապետյանը

3 / 8

Կարապետյանների խոհանոցը

4 / 8

Հովհաննես Կարապետյանը

5 / 8

Կարապետյանների երեխաների մեդալներն ու դիպլոմները

6 / 8

Աշխեն Կարապետյանը ցույց է տալիս ծառայության մեջ գտնվող որդու նկարները

7 / 8

Կարապետյանների երեխաները

8 / 8

Կարապետյանների երեխաները

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը տարիներ շարունակ ենթարկվում է միայն լրամշակման, սակայն այդպես էլ վերջնական տեսքի չի գալիս ու չի ներկայացվում ՀՀ կառավարության հաստատմանը, իսկ մինչ կառավարությունը որևէ քայլ կանի նմանատիպ ընտանիքների հոգսը թեթևացնելու համար, նրանց թիվը նվազում է:
Հավելենք, որ 2022 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում ծնվել է 26511 երեխա։ Այս ցուցանիշը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 336-ով։