ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Ռուսաստանը վերահաստատում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ եռակողմ հանդիպում կազմակերպելու պատրաստակամությունը։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նման պատրաստակամության մասին Մոսկվան ավելի վաղ տեղեկացրել է և՛ Երևանին, և՛ Բաքվին, և՛ հրապարակավ խոսել այդ մասին։
«Մենք կարծում ենք, որ տեղում պարբերաբար առաջացող բարդությունները չպետք է խոչընդոտ, առիթ դառնան բանակցային գործընթացի սառեցման համար։ Անհրաժեշտ է ինչ-որ կերպ վերսկսել աշխատանքը կարգավորման բոլոր ուղղություններով, ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանազատումը, խաղաղության պայմանագրի կնքումը և քաղաքացիական հասարակության շփումները», - ավելացրել է նա։
Անդրադառնալով Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին՝ Զախարովան ընդգծել է, որ ՌԴ ՊՆ-ն և ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ԱԳՆ-ի հետ փոխգործակցությամբ մշտական կապի մեջ են բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Նրա խոսքով՝ ի տարբերություն մյուս արտաքին խաղացողների, որոնք սահմանափակվում են դեէսկալացիայի կոչ անելով ու հայտարարություններով, Ռուսաստանը տեղում հանգուցալուծում է փնտրում և հումանիտար աջակցություն ցուցաբերում:
«Մենք կոչ ենք անում ամբողջությամբ ապաարգելափակել Լաչինի միջանցքը՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության։ Եվ կոչ ենք անում Բաքվին և Երևանին քաղաքական կամք դրսևորել առկա տարաձայնությունները կարգավորելու համար», - նշել է Զախարովան։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։