ՌԴ խաղաղապահները հումանիտար բեռով ավտոշարասյունը ուղեկցել են Լեռնային Ղարաբաղ

ՌԴ խաղաղապահներն Արցախում. Արխիվային լուսանկար
Դրանից առաջ մարդասիրական բեռով ռուսական շարասյուն անցել էր հունվարի 25-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Ռուս խաղաղապահներն այսօր մարդասիրական բեռով ավտոշարասյուն են ուղեկցել Գորիս-Ստեփանակերտ երթուղով։ Այս մասին ասվում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության տեղեկագրում։
Նշվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկությունը վերսկսելու ուղղությամբ:
30 դիտակետերում ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն։
Պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու շրջանների և Լաչինի միջանցքի երեք երթուղիներով։ Անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար ռուս խաղաղապահները շարունակական փոխգործակցություն են պահպանում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։