ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Ռուսաստանը նպատակահարմար չի համարում արձագանքել տարբեր անձանց և քաղաքական ուժերի «աղմուկին»։ Այսօրվա ճեպազրույցի ընթացքում այս հայտարարությունն արեց ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով ԵԽԽՎ–ում տեղի ունեցած քվեարկությունը մեկնաբանելու խնդրանքին։
Հունվարի 26-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ադրբեջանական պատվիրակության 2 անդամ`պատգամավորներ Էրկին Գադիրլին և Կոնուլ Նուրուլաևան, կողմ են քվեարկել Ռուսաստանի և Բելառուսի բարձրագույն ղեկավարության նկատմամբ տրիբունալ հրավիրելու պահանջով բանաձևին։ Նրանցից մեկը բղավել է. «Փա՛ռք Ուկրաինային»։ Հայ պատվիրակներն այդ քվեարկությանը չեն մասնակցել։
Լրագրողը Զախարովայից հետաքրքրվեց, թե ինչպես կարելի է բնութագրել ադրբեջանցի պատգամավորների պահվածքը։
«Դուք պատկերացնո՞ւմ եք, թե քաղաքական հռետորաբանության մեջ քանի քաղաքական ուժ կամ անձ կա։ Մենք բոլորին պետք է պատասխանե՞նք։ Հիմա յուրաքանչյուրին պետք է արձագանքենք, թե ով ինչ բղավեց, ով ինչպես արտաշնչեց»,– հավելեց դիվանագետը։
Նրա կարծիքով` եթե ամեն մանրուքին անդրադառնան, ապա ուժերը կսպառվեն։